Գյումրիի բողոքի ցույցը պետք է կազմակերպեին կուսակցությունները, որ «բուլիժնիկով ակցիա» չլիներ. Ազատ Արշակյան

11:13 • 18.01.15

 


Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով բողոքի ալիքը պետք է արտահայտվեր, համակարգվեր, կազմակերպվեր քաղաքական իշխանությունների կողմից, ոչ թե ժողովրդի, որն առաջիններիս անգործության պատճառով ստիպված եղավ անել դա ինքնաբուխ և ոչ պրոֆեսիոնալ: Tert.am-ի հետ զրույցում Գյումրիի իրադարձություններին անդրադառնալով՝ հայտարարեց Խորհրդային միության քաղբանտարկյալ, առաջին Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:

 

«Քաղաքական վճիռ պետք է կայացվեր քաղաքական կուսակցությունների և արդարադատության կողմից: Արդյունքը եղավ ինքնագործունեություն, այսինքն՝ ինքնաբուխ ակցիա, որը պետք է ունենար թերություններ: Ցանկալի էր, որ դրանք չլինեին, որովհետև «բուլիժնիկի դարը»  արդեն անցել է: Բայց մեզ մոտ ստացվեց այնպես, որ աշխատեց, այս՝ «բուլիժնիկով» ինքնաբուխ ակցիան ... քրեական գործը անգործության հետևանքով քաղաքականացավ»,- ասաց Ազատ Արշակյանը:

 

Նրա խոսքով՝ միմիայն այն պատճառով, որ մենք հայերս վանդալներ չենք, այդ հետևանքները  շատ ավելի ծանր չէին: Կարող էին լինել, զոհեր,  երկու կողմից, ավերածություններ, որոնք չեղան միմիայն  հայ ժողովրդի բարձ կուլտուրայի պատճառով :

 

Ազատ Արշակյանը նշում է, որ  հայ-ռուսական միջպետական հարաբերությունները պետք է կարգավորվեն գործընկերային մթնոլորտում այն ոգով, որով կազմված է մեր՝ Հայաստան-Ռուսաստան Համաձայնագիրը:

 

Իսկ, որ այս դեպքը շահարկվում է, ապա Ազատ Արշակյանը կարծում է, որ սրա պատճառը Ռուսաստանում որոշակի անկառավարելիության աստիճանն է ցույց տալիս: «Այդ  սպանության մեջ կասկածվող զինվորին հայտնաբերելը, ձերբակալելը, կալանավորելը, այդ գործընթացը արվել է ոչ ճիշտ ձևով և դրանք բոլորը մեծ վնաս հասցրեցին հայ-ռուսական հարաբերություններին՝ և՛ քաղաքական առումով, և՛ բարոյահոգեբանական»,- ասաց նա: