Ֆրանսիական Charlie Hebdo թերթի 7 մլն օրինակ է արդեն վաճառվել

14:32 • 18.01.15

Հունվարի սկզբին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական Charlie Hebdo թերթի վերջին համարը վաճառվել է 7 մլն օրինակով, գրում է Обозреватель-ը։
 

Պարբերականի մեկ համարը վաճառվում է 3 եվրոյով, սակայն համացանցային աճուրդներում այն, մեծ պահանջարկի պատճառով, սկսել են վաճառել 300-400 եվրոյով։


Արտասահմանյան ԶԼՄ-ները տպաքանակի ավելացումն անվանել են «պատմական պահ»։ Նախորդ օրերի ընթացքում վաճառվել է մոտ 2 մլն օրինակ։


Charlie Hebdo-ի հերթական համարի նմուշները Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում վաճառքի հանվելուց հետո սպառվել են հաշված րոպեների ընթացքում։


Հիշեցնենք, որ հունվարի 7-ին իսլամիստ երկու եղբայրներ ներխուժել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա:


Հարձակումն իրականացնողներին հաջողվել էր փախուստի դիմել դեպքի վայրից: Ավելի ուշ նրանք սպանվել են։ Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ: Այս ահաբեկչությանը հաջորդել էին ևս այլ դեպքեր։