Դինքն իր մահով նաև որոշակի ուղի բացեց, Թուրքիայում կոտրեց կարծրատիպեր
Ութ տարի առաջ, այս օրը՝ հունվարի 19-ին, Ստամբուլում սպանվեց տեղի «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:
Tert.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը և «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը իրենց կարծիքները հայտնեցին Հրանտ Դինքի թողած ժառանգության և ավանդի մասին:
Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, որ առիթ ունեցել է շփվելու Հրանտ Դինքի հետ, երբ դեռ ուսանող է եղել, ասաց, թե երբ հանդիպել են իրեն, շատ են զարմացել, որ Թուրքիայում՝ այդ վախի մթնոլորտում, կա այդպիսի համարձակ մարդ:
«Նա տարբերվում էր և՛ համայնքի համար, տարբերվում է և՛ որպես Թուրքիայի քաղաքացի, և՛ որպես Թուրքիայում ազատության պաշտպան: Նրա բացակայությունը մեծ կորուստ է այդ առումով: Հայ համայնքի համար նրա մահն առավել մեծ կորուստ էր, քանի որ, ցավոք, չկա այնպիսի մեկը, որ Դինքի փոխարեն կզբաղեցնի այդ տեղը և կփորձի համայնքին գլխավորել, կազմակերպել, ամենակարևորը՝ պաշտպանել: Նա համայնքին պաշտպանում էր ցանկացած առումով՝ թե՛ ինքնության, թե՛իրավունքների»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը:
Թուրքագետի խոսքով՝ Դինքի մահից հետո հասկացվեց նրա անձի և գործունեության կարևորությունը. «Դինքն իր մահով նաև որոշակի ուղի բացեց. Թուրքիայում կոտրեց կարծրատիպեր: Բավական է հիշել միայն այն, որ իր թաղման օրը հարյուր հազարավոր մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ ծպտյալ հայեր, ազատամիտներ, ասում էին, որ իրենք հայ են, նոր զարթոնք սկսվեց: Իր մահով Դինքը կյանք տվեց ծպտյալ հայերի զարթոնքին: Նա ոչ միայն կենդանության օրոք օգտակար գործ արեց, այլ նաև կարողացավ մահից հետո էլ թողնել դրական մեծ բան»:
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող «Ակօս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահը հսկա մի քայլ արեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը ընդհանրապես արծարծելու հարցում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտեց «Ակօս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը՝ ընդգծելով, որ եթե Հրանտը ապրեր, ապա թեկուզ դանդաղ, բայց ավելի հիմնավոր առաջընթաց կգրանցվեր Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցում:
«Դինքի մահից հետո եկան մարդիկ, ովքեր մեր օգտին սկսեցին խոսեցին ու խոսում են: Հայտնվեցին որոշ, չակերտով ասած՝ բարեկամներ, որոնք ոչ բոլորն են, որ Դինքի մասին դրական խոսելիս անկեղծ են. նրանք հիմնականում իրենց շահերով են առաջնորդվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ «Ակօս» թերթի խմբագիրը սպանվել էր 8 տարի առաջ՝ 2007թ. հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ՝ ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:
Հարցին, թե Թուրքիայում Հրանտ Դինքի գիծը շարունակողներ տեսնո՞ւմ է, պատասխանեց. «Իհարկե ոչ»:
«Կան բազմաթիվ մարդիկ՝ թե՛ հայերից, թե՛ թուրքերից, որոնք, Դինքի անունը օգտագործելով, ցույց են տալիս, որ իրենք Դինքի գիծն են շարունակում, բայց իրականում իրենք իրենց գործն են անում: Այսօր հասանք այն վիճակին, որ անգամ ֆաշիստական կազմակերպության անդամներից մեկը իր անունն էր օգտագործում: Այսօր արդեն բրենդ է դարձել «Հրանտ Դինք» անունը ու այդ բրենդը այսօր ուզում են օգտագործել իրենց շահի համար»,-ասաց նա:
Տիրան Լոքմագյոզյանը նշեց, որ ո՛չ ներկայում, ո՛չ էլ մոտ ապագայում չի տեսնում, որ հրապարակ կգա այնպիսի մարդ, որը կկարողանա շարունակել Դինքի գործը:
Տիրան Լոքմագյոզյանն ընդգծեց, որ Հրանտ Դինքը պայքարում էր արդարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության, կյանքի իրավունքի համար:
«Ինքը արդարության մարտիկ էր ու ամեն ինչ արդարության կշեռքի վրա էր դնում: Ինքը չէր խոսում որպես հայ կամ թուրք, ոչ այն կողմից, ոչ այս կողմից, նա պաշտպանում էր բոլորի շահերը, ուզում էր, որ Թուրքիան դառնա նորմալ եվրոպական մի երկիր, որտեղ թուրքերն ու ազգային փոքրամասնությունները ազատ ու հանգիստ միասին կարող են ապրել»,-ասաց նա:










