Գյումրիի ռուսական բազայից զանգել են և ասել, որ պատրաստ են Ավետիսյանների համար դրամահավաք կազմակերպել

16:00 • 19.01.15

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ այսօր Գյումրիի ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը զանգահարել է և տեղեկացրել, որ պատրաստ է ռազմաբազայի տարածքում դրահավաք իրականացնել հունվարի 12–ին բազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանված Ավետիսյաննրի ընտանիքին օգնելու համար։


Սակայն Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է, որ դրա անհրաժեշտությունը չկա։


Շիրակի մարզպետը Ֆելիքս Ցոլակյանը նաև տեղեկացրել է, որ ռուսական կայազորի եւ սահմանապահ ջոկատի հետ  կապն եղել է ու կա եւ օպերատիվ կերպով ողջ ինֆորմացիան փոխանցվել եւ բոլոր պահանջների մասին եւս տեղեկացվել է  հանրապետության ղեկավարությանը:


«Ես չեմ խոսի այն մասին, թե ինչ հետեւանքներ կարող էր ունենալ ռազմաբազայի հետ կապված միջադեպը եւ ինչ հետեւանք կարող է ունենալ ռազմաբազայի հետ հարցեր պարզելը: Ես ոչ մեկին չեմ ահաբեկում ու վախեցնում, այլ օբյեկտիվ եմ դատում: Ես ցավ եմ ապրում յուրաքանչյուր գյումրեցու հետ, բայց այսօր զգացմունքների օր չէ, այսօր սառը դատելու, խելացի մոտենալու օր է: Նորից հավասարակշռվածության կոչ եմ անում, չի կարելի զոհ գնալ զգացմունքերին»,-նշել է մարզպետը։