Մոտ մեկ տոննա հերոին տեղափոխելու մեջ մեղադրվող վրացի վարորդն անմեղ է. փաստաբան

14:57 • 19.01.15

ՀՀ պետական սահմանին ձերբակալված, գրեթե մեկ տոննա հերոին տեղափոխելու մեջ մեղադրվող Ավթանդիլ Մարտիաշվիլիի փաստաբան Թեյմուրազ Մասուրաձեն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իր պաշտպանյալն անմեղ է և իր մեղավորությունը քրեական գործով ապացուցված չէ:


«Նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքը հակասում է նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին»,- ասաց նա:


Փաստաբանը նկատեց, թե մեղադրական եզրակացության մեջ «մեծ քանակություն» ասված հերոինը տարբեր կշիռներով է ներկայացված և նշված չէ, թե թվերից որ մեկն է ճիշտ:


Նրա խոսքով՝ փորձաքննությունը պարզել է,որ վարորդը նույնիսկ չի էլ կասկածել, թե ինչ է տեղափոխում: «Գրեթե մեկ մլնդ դոլար արժողությամբ մեկ տոննա հերոինը անցել է Իրանի մաքսակետը և չի նկատվել»,- ասաց նա:


Թեյմուրազ Մասուրաձեն կասկած ունի, որ այս ամենում կրիմինալ տարր կա և այս գործն արվել է ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:


Ըստ նրա`այս ամենը կազմակերպվել է Թուրքիայի քաղաքացիներ Նարգիզ եղբայրների կողմից, և այդ մասին վկայել է նաև մեքենայի սեփականատեր թուրք Օսման Ույուղլին, սակայն այդ եղբայրների նկատմամբ  հետախուզում չի հայտարարվել:


«Կան  փաստարկներ, որ Ավթանդիլ Մարտիաշվիլիին ոչինչ չի իմացել և չէր էլ կարող իմանալ, ինչը հաստատվել է քննչական մարմիների կողմից, իսկ դատախազության դիրքորոշումն անհասկանալի է»,- ասաց նա և հայտնեց, որ դատախազը իր պաշտպանյալի համար 18 տարվա ազատազրկման միջնորդություն է ներկայացրել, իսկ մեքենայի սեփականատիրոջ համար` 20 տարվա:


Փաստաբանը կարծում է, որ դատախազության կողմից նման մեղադրանք իր պաշտպանյալին առաջադրելու մեջ ինչ-որ ճնշում կա: Հայտնենք, որ վաղը Գորիսի դատարանում տեղի կունենա  պաշտպանական ճառը: