Նաիրիտցիները վաղը բողոքի ակցիա կանցկացնեն նախագահականի դիմաց
Աշխատավարձերի, ինչպես նաև` «Նաիրիտը» վերագործարկելու պահանջով վաղը՝ ժամը 11-ին, «Նաիրիտի» աշխատակիցները ՀՀ Նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
«Մեր հստակ պահանջն այն է, որ աշխատակիցների աշխատավարձերը վճարեն՝ մինչև նրանց աշխատանքից ազատելը: Նրանք 2200 հոգու աշխատանքից ազատելու իրավունք չունեն: Այն, որ իբր թե` մոտ 400-500 հոգու աշխատանքի են ընդունելու, դա դեռ հարցի լուծում չէ, քանի որ մոտ 1800 մարդ մնալու է փողոցում: Պետք է վճարվի այդ մարդկանց աշխատավարձը, որպեսզի նրանք կարողանան գոյատևել՝ մինչև նոր աշխատանք գտնելը»,-ասաց Անուշ Հարությունյանը՝ շարունակելով, թե այն պահանջը, ինչով հանդես են գալու նաիրիտցիները, ո´չ միայն իրենց պահանջն է, այլ նաև՝ աշխատանքային օրենգրքի:










