Գյումրիի դեպքի շուրջ զարգացումները երկու ինքնիշխան պետությունների միջև հարիր հարաբերություններ չեն. Բ. Նավասարդյան

14:51 • 19.01.15

Գյումրիի իրադարձությունների շուրջ մեր իշխանությունների պահվածքը լուրջ կասկածներ է առաջացնում, որ տեղի ունեցողը երկու ինքնիշխան պետությունների միջև հարիր հարաբերություններ չեն. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ 


«Անկախ նրանից, թե ինչպիսի հակասություններ կան հայ-ռուսական համաձայնագրում՝ կապված ռուսական ռազմակայանի կարգավիճակի հետ և ՌԴ սահմանադրության հետ, որը հիմնականում մեջբերվում էր՝ ինչու քննությունը և ապագա քննությունը պետք է իրականացվի ռուսական կողմի իրավազորության ներքո, այս բոլորը կարող ենք հասկանալ որպես քննարկումների առարկա, բայց ամեն դեպքում ինչո՞ւ չի եղել  պաշտոնական պահանջ ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի այդ քննությունն ու դատավարությունն իրականացնեն հայկական իրավապահ մարմինները»,-հարցադրում արեց Նավասարդյանը և պնդում, որ չի եղել նման պահանջ։ 



«Եղել է գլխավոր դատախազի խոստումը, որ կխոսի այդ մասին իր ռուս գործընկերոջ հետ, որն էլ չգիտենք՝ տեղի՞ է ունեցել, թե ոչ։ Եթե տեղի է ունեցել, պետք է պաշտոնական մակարդակով հայտարարվի, նման հարցերը պաշտոնական մակարդակով են լուծվում։ Մենք չենք ստացել համապատասխան արձագանք ՌԴ-ից և մենք ընդամենն ունենք ոչ պաշտոնական ինչ-որ  ակնարկներ, որ ռուսական կողմը պնդում է, որ իրականացնեն իրենք։ Եթե դա չի արվում, ուրեմն շահագրգռված կողմը, որն ունի չլուծված հարց, միջազգային հանրության աչքում հանդես է գալիս ոչ որպես համարժեք պետություն»,-ասաց նա: