2016-ին աշխարհի ամենահարուստ մարդկանց 1 տոկոսն առաջին անգամ ավելի հարուստ կդառնա մնացած 99 տոկոսից. Oxfam
2016 թվականին աշխարհի ամենահարուստ մարդկանց 1 տոկոսի ընդհանուր կարողությունն առաջին անգամ ավելի մեծ կլինի, քան երկրագնդի մնացած 99 տոկոս բնակիչների ընդհանուր կարողությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independet-ին:
Այդ մասին հայտնի է դարձել Oxfam բարեգործական կազմակերպության նոր հետազոտության տվյալներով: Զեկույցը հրապարակվել է երկուշաբթի՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին:
Այժմ ամենահարուստ մարդկանց 1 տոկոսին է պատկանում համաշխարհային բարեկեցության 48 տոկոսը, իսկ հաջորդ տարի այդ ցուցանիշը կարող է առաջին անգամ գերազանցել 50 տոկոսը, զգուշացնում են փորձագետները: Ինչպես նշել են Oxfam-ում, աճող անհավասարությունը զսպում է համաշխարհային աղքատության դեմ պայքարը, ընդ որում՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ 1 միլիարդից ավելի մարդ նախկինի պես ապրում է օրական 1,25 դոլարից ավելի քիչ գումարով:
Կազմակերպության ներկայացուցիչները նաև ուշադրություն են հրավիրում նրա վրա, որ համաշխարհային բարեկեցությունն ավելի ու ավելի է կենտրոնանում «փոքր հարուստ էլիտայի» ձեռքերում: Աշխարհի ամենահարուստ մարդկանց 1 տոկոսի մեջ է մտնում ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը և հնդիկ գործարար Դիլիպ Շանգվին, ասված է հոդվածում:










