Իսպանիայի թագավորի հայրը փաստաբան է փնտրում, ով կներկայացնի իր շահերը դատարանում

14:36 • 19.01.15

Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հայրը՝ Խուան Կառլոս I-ը, մասնավոր փաստաբան է փնտրում, ով կներկայացնի իրեն դատական գործընթացի ժամանակ, հաղորդում է ТАСС-ը:

 

Ինչպես գրում է El Pais թերթը, նախկին թագավորը պաշտպանի կարիք ունի. անցած շաբաթ երկրի Գերագույն դատարանն ընդունել է նախկին թագավորին ուղղված հայրությունը ճանաչելու մասին բելգիացի Ինգրիդ Սարտյոյի հայցը:

 

Մինչև անցած տարվա հունիսին գահից հրաժարվելը Խուան Կառլոս I-ը, սահմանադրության համաձայն, անձեռնմխելիություն է ունեցել, այդ պատճառով նման հայցերը մերժվել են: Այժմ նա ստիպված կլինի կանգնել դատարանի առջև, իսկ դիմել պետական պաշտպանության ներկայացուցիչներին, որն իրավաբանական ծառայություններ է ներկայացնում թագավորական տանը, նա չի կարող, քանի որ հայցն ուղղված է անմիջականորեն նրա դեմ, այլ ոչ ընդհանուր թագավորական ինստիտուտի:

 

Սպասվում է, որ այժմ կարող է նշանակվել ԴՆԹ-ի թեստ, որը կհաստատի կամ կհերքի Սարտյոյի պնդումը, սակայն Խուան Կառլոս I-ն իրավունք ունի հրաժարվել հայրության թեստ անցնելուց: