Արմեն Աշոտյանը Լոնդոնում ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

15:45 • 20.01.15

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում մեկնարկել է կրթության նախարարների համաշխարհային համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 պատվիրակներ 82 երկրներից, այդ թվում շուրջ 40 նախարարներ:


ԿԳ նախարարությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցում է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ:


Մինչև համաժողովի պաշտոնական բացման արարողությունը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Բրիտանական խորհրդի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի ղեկավարների հետ և մասնակցել «Որակի ապահովումը բարձրագույն կրթության ոլորտում» քննարկմանը:

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում բարձրագույն կրթության բարեփոխումները, մասնավորապես, կրթության որակի ապահովմանը միտված աշխատանքների ընթացքը:


«Կրթության ոլորտում որակի ապահովման համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները Հայաստանում արդեն իսկ իրականացված են: Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են տարվում ուսումնական հաստատություններում կրթության որակի ապահովման մեխանիզմների լիարժեք ներդրման ուղղությամբ»,- իր ողջյունի խոսքում նշել է Արմեն Աշոտյանը: