5-ամյա բրիտանացին տուգանվել է 15 ֆունտով՝ ընկերոջ ծննդյան արարողությանը չներկայանալու համար

17:08 • 20.01.15

Ալեքս Նեշ անունով 5-ամյա բրիտանացին ընկերոջ ծննդյան արարողությանը չներկայանալու համար տուգանքի մասին ծանուցագիր է ստացել, գրում է gazeta.ru-ն՝ The Daily Express-ին հղումով։

 

Երեկույթի կազմակերպիչների՝ 15.95 ֆունտ ստերլինգ վճարելու մասին գրավոր պահանջը դպրոցականին է փոխանցել նրա ուսուցիչներից մեկը։

 

Ծննդյան արարողությունը նշվել է Պլիմուտ քաղաքի լեռնադահուկային կենտրոնում՝ Սուրբ Ծննդյան տոներից առաջ։  Սկզբում Նեշի ընտանիքը հաստատել է տղայի մասնակցությունը, սակայն հետո որոշվել է, որ նա, փոխարենը, կայցելի իր տատիկին և պապիկին։

 

Նեշի հայրը սկզբում կարծել է, որ այդ նամակը կատակ է, սակայն այժմ ծննդյան տոնը նշող տղայի մայր Ջուլի Լոուրենսը սպառնում է հայց ներկայացնել դատարան։