Միջազգային կոալիցիոն ուժերը կասեցրել են ԻՊ-ի առաջխաղացումը Սիրիայում և Իրաքում
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը կասեցրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման զինյալների առաջխաղացումն Իրաքի ու Սիրիայի տարածքում։ Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է կանադական ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Վենսը:
«Այժմ մենք կասեցնում ենք նրանց գործողությունները»,-ասել է Վենսը: Նրա խոսքով՝ ներկայում իսլամիստները փոխել են իրենց հարձակողական ռազմավարությունը և անցել պաշտպանականի:
Սեպտեմբերի վերջին Կանադան որոշել էր միանալ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային, որն ԻՊ-ի դեմ գործողությունների է մասնակցում:
ԻՊ-ը, որը զգալի տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում, դարձել է 2014 թվականին աշխարհի հիմնական խնդիրներից մեկը: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տվյալներով՝ նրանք ունեն մոտ 30 հազար զինյալ: Իսլամիստ ծայրահեղականներն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում խալիֆայություն են հռչակել:










