Անկարայի ոստիկանները Դինքի հիշատակին նվիրված երթի մասնակիցներին ցրել են արցունքաբեր գազով
Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցին նվիրված միջոցառումը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում առանց միջադեպերի չի անցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» թերթի կայքը, Անկարայում Դինքին հիշատակելու համար հավաքված խմբին ոստիկանությունը ցրել է՝ արցունքաբեր գազ կիրառելով:
Խումբը Սաքարիա հրապարակից փորձել է քայլել դեպի Արդարադատության նախարարություն: Երթը, սակայն, արգելվել է ոստիկանության կողմից:
Ոստիկանությունը նրանց պարտադրել է հայտարարություն անել ու ցրվել, սակայն ցուցարարները պնդել են, որ հայտարարությունը կարդալու են նախարարության մոտ:
Լարվածության մեծացման հետ՝ ոստիկանությունն արձագանքել է: Ցուցարարների դեմ նախ ջրաշիթեր, ապա արցունքաբեր գազ է կիրառվել:










