Սահմանային լարվածությունը անմիջական կապ չի կարող ունենալ Գյումրիի դեպքերի հետ. Ալ. Մարկարով

22:40 • 20.01.15

Ղարաբաղա-ադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային լարվածությունները հուլիսյան դեպքերի տրամաբանության շրջանակում են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ ընդգծելով, որ սահմանային լարվածությունը  հետևանք չէ Գյումրիում տեղի ունեցած սպանդի պատճառով քաղաքում առաջացած խռովությունների:

 

«Ըստ էության` Ադրբեջանը շարունակում է այն, ինչ միշտ է արել, ուրիշ հարց է, թե ինչ նպատակով է արվում, և արդյո՞ք կա ինչ-որ մի տեսանելի նպատակ, բացի մշտական լարվածության պահպանումից: Նաև չէի ասի, որ կարող ենք լարվածության անմիջակա պատճառները կապել Գյումրու հետ»,-ասաց նա:

 

Դիտարկմանը, թե համաձայն է այն տեսակետին, թե հակառակորդը միշտ օգտվում է երկրի ներսում տեղի ունեցող լարվածությունից և լարում իրավիճակը սահմանին, ինչպես դա արեց օրինակ՝ 2008 թ-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ, նա պատասխանեց. «Մարտի 1-ի լարվածության խնդիրը ուներ բոլորովին այլ ակունքներ, իսկ տվյալ պարագայում խոսում ենք տխուր, ողբերգական միջադեպի մասին, որը չի առաջացրել ներքաղաքական լարվածություն: Հակառակը՝ այն ավելի շատ կոնսոլիդացրելէ հայկական  հասարակությունը, ինչպես հուլիսյան օգոստոսյան իրադարձությունները, ի տարբերություն մարտի 1-ի դեպքերի, երբ մենք տեսնում էինք հասարակության պառակտում: Ներքաղաքական խնդիրների ժամանակ ուշադրությունը պակասում է սահմանին, իսկ հակառակորդը օգտվում է դրանից»:

 

Հարցին, թե արդյո՞ք մեծացել է պատերազմի վերսկսման վտանգը՝ հաշվի առնելով այն, որ տարվա հենց առաջին օրերից սկսած՝ մեծացել է լարվածությունը, նա պատասխանեց, որ լարվածությունը սահմանին ավելացել է, սակայն ընդհանուր վիճակը չի ենթարկվել փոփոխության: