ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստին

15:51 • 20.01.15

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հնարավոր է, որ չմասնակցի Գյումրիում այսօր կայանալիք Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն ու պատգամավորների պատվիրակությունը ներկա կգտնվի այդ ցավալի միջոցառմանը:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:


«ԱԺ նախագահը հնարավոր է, որ չմասնակցի հոգեհանգստյան արարողությանը, սակայն պատգամավորներ կլինեն: Ներկա կլինի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը»,- ասել է Արսեն Բաբայանը` հավելելով, որ ԱԺ պատվիրակությունը ներկա կլինի նաև Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը:


Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 20-ին` ժամը 18:00-ին Սբ Նշան
եկեղեցում, իսկ հուղարկավորությունը հունվարի 21-ին` ժամը 13:00-ին: Աճյունը կամփոփվի հարազատների կողքին` «Շիրակ» գերեզմանատանը:


Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր:


Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ:

 

Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: