Առաջիկա դատական նիստին Վարդան Պետրոսյանը հանդես կգա վերջին խոսքով
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպանները պատրաստվում են հինգշաբթի՝ պաշտպանական ճառից առաջ, մամուլի ասուլիսով հանդես գալ, որտեղ, ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, մի շարք մանրամասներ կներկայացնեն մեղադրանքի վերաբերյալ:
«Ես և ֆրանսիացի պաշտպանը կմանրամասնենք, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ մեծ քանակի ապատեղեկատվություն է տարածվում մեղադրանքում: Քրեական գործում այլ թվեր կամ այլ փաստեր են գրված, այնինչ հրապարակվում է 180 աստիճանով տարբերվող տեղեկատվություն: Հանդես կգանք մամուլի ասուլիսով՝ որոշակի փաստեր ներկայացնելով, թե ինչպես է մեղադրանքի կողմն ապատեղեկացնում, քանի որ ճիշտ հակառակ պատկերն ունենալով քրեական գործում՝ հնչեցնում են այլ բովանդակություն ունեցող ապացույցներ»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ ապա տեղեկացրեց, որ ուրբաթ օրվա դատական նիստում կլինի Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը, որտեղ նա կներկայացնի իր տեսակետը և կհերքի այն մոտեցումները, թե ինքը չի ցանկանում հաշտության գնալ տուժող կողմի հետ:
Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ընթացքում մեղադրվող դատախազը միջնորդեց Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ դատախազի մեղադրական ճառը ո´չ թե մեղադրական ճառ էր, այլ՝ քննադատություն էր հենց իր հասցեին:
«Դատախազն ավելի շատ խոսեց մամուլի համար, քան վերլուծեց ապացույցները»,ասաց պաշտպանը՝ շարունակելով, թե դատաքննության ժամանակ ձեռք բերված որևէ ապացույցի վերլուծություն չարվեց:










