Գյումրիի ողբերգությունը պահանջում է, որ բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ. Սերժ Սարգսյանն ասել է ՌԴ ՔԿ նախագահին

13:09 • 20.01.15

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


Երկրի ղեկավարը նշել է, որ 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է, որպեսզի դրա բոլոր հանգամանքները բացահայտվեն աննախադեպ հետևողականությամբ:


Հանրապետության Նախագահը կարևոր է համարել, որ այս հանցանքի քննության կապակցությամբ երկու երկրների իրավապահների միջև ձևավորված համագործակցությունն ունենա արդյունավետ շարունակություն, իսկ սկսված գործընթացը հասցվի իր տրամաբանական ավարտին:


Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:


Այդ շրջանակներում ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես Գյումրիում տեղակայված ռազմական բազայի, այնպես էլ ՌԴ տարածքում կատարվող գործողությունները նպատակ ունեն ապահովել սպանության բոլոր վարկածների և գործի բոլոր հանգամանքների համակողմանի քննությունը, մեղավորների բացահայտումը և նրանց պատասխանատվության անխուսափելիությունը:


Ա. Բաստրիկինը նաև վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը: