Ռուսական կողմն ամեն ինչ պետք է անի, որ մեր հասարակական պահանջին ընդառաջ գնա. Սուքիաս Ավետիսյան

12:32 • 20.01.15

Ես չեմ կարծում, որ այս ամենն ազդել  է հայ-ռուսական հարաբերություների վրա: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱԺ  «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Գյումրու դեպքերին:


Նա նշեց, որ Ռուսաստանից շատ ճիշտ գնահատականներ են տրվում այս ամենի վերաբերյալ:«Չպետք է մի դուրսպրծուկի կատարած քայլն ազդեցություն ունենա երկու երկրների հարաբերությունների վրա, և բոլորն էլ դա հասկանում են»,- ասաց նա:


Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում, որպեսզի ոճրագործը մեզ  հանձնվի, թեև սպանության մասով քննությունն իրականացնում են հայ իրավապահ մարմինները: «Բացառված չէ, որ երկու վճիռ կայացվի, Ռուսաստանի օրենսգրքով՝ որպես դասալիք, մեր օրենսգրքով՝ որպես մարդասպան»,- ասաց նա և նշեց, որ ցմահ բանտարկությունն  էլ նրան քիչ է:


«Ես գտնում եմ, որ հատկապես ռուսական կողմն ամեն ինչ պետք է անի, որ հասարակական պահանջին ընդառաջ գնա»,- ասաց նա և նշեց, որ կարծում է, թե կարելի է ձևը գտնել և մարդասպանին  հանձնել մեր իրավապահ մարմիններին:


Պատգամավորը չի կարծում, թե Պերմյակովի հետ ուրիշ զինվոր է եղել, որովհետև զորամասն անպայման կիմանար, որ ծառայություն կատարող զինվորը երկու ժամ բացակայում է: Ինչ վերաբերում է այս ընթացքում իր բացակայությանը, ապա նա նշեց, որ երկրում չի եղել, երեկ է վերադարձել և եղել է մեր հավաքականի հետ Եվրոպայի մրցաշարին: