Խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահը. ՍԴՀԿ

15:48 • 20.01.15

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր կսկիծով տեղեկացավ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին: Գյումրիում տեղի ունեցած սպանդն իր դաժանությամբ և անմարդկայնությամբ աննախադեպ էր: Մենք բոլորս հույս ունեինք, որ Սերյոժան կդիմագրավի ստացած վերքերին, սակայն, ավաղ, փոքրիկի ճակատագիրն այլ կերպ ստացվեց:


Այս մասին հայտնում են Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունից։

«Մենք խորապես սգում ենք Ավետիսյան ընտանիքի մահն ու միանշանակ արդարացված ենք համարում այս օրերին հասարակության շրջանում տիրող զայրույթի և վրդովմունքի ալիքը:


Ս.Դ. Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը համոզված է, որ Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ոճրագործը պետք է դատվի Հայաստանի Հանրապետության դատական համակարգի կողմից և իր պատիժը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում:


Մենք ակնկալում ենք բաց և թափանցիկ դատական քննություն և դատական գործընթաց՝ ստանալու բոլոր այն հարցերի պատասխանը, որ այսօր հուզում է ցանկացած բանական մարդու»,-ասվում է հաղորդագրությունում: