Հրաշք տեղի չունեցավ. ռուսական Առաջին ալիքը՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան մասին (տեսանյութ)

13:02 • 20.01.15

Ռուսական Առաջին Ալիքն անդրադարձել է Գյումրիի սպանդի հետևանքով վիրավորված երեխայի մահվան փաստին:

 

«Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկելու համար պայքարում էին երկու երկրների լավագույն մասնագետները, բայց հրաշք տեղի չունեցավ։ Այսպիսով՝ զանգվածային սպանության զոհերի թիվը հասավ յոթի՝ դա մի ողջ ընտանիք է»,- նշվել է լուրերի թողարկման ժամանակ:

 

Հիշեցնենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում սպանել է միևնույն ընտանիքի 6 անդամի։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել միայն Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

 

Ինքը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվել էր թարմ հետքերով՝ Թուրքիա անցնելու փորձի ժամանակ: Այժմ նա գտնվում է ռուսական ռազմաբազայում: Ռուսական օրենքների համաձայն՝ նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

 

Հեռուստաընկերությունը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին զանգահարել և ևս մեկ անգամ ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ի դեպ, ուշագրավ է, որ ռուս հաղորդավարի ֆոնին երևացող քարտեզում ԼՂՀ-ն երևում է Ադրբեջանի կազմում: