Չի կարելի այս սուգն օգտագործել քաղաքական ամբիցիաների համար. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանն, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով Գյումրիում ռուս զինվորականի կողմից իրականացրած սպանդին, որի արդյունքում սպանվել են մեկ ընտանիքի բոլոր անդամները, ասաց, որ մինչ հիմա պարզ չէ, թե ինչն էր եղել ոճրագործի արարքի դրդապատճառը, և այսօր գյումրեցիներին դա շատ է հուզում: Նա նշեց, որ հարցականները շատ են և անհրաժեշտ է լույս սփռել այս ամենի վրա:
«Սակայն չպետք է սկսել քաղաքական շահարկումները, չպետք է սադրանքներ լինեն, ինչի ականատեսը եղանք: Չի կարելի այդ սուգը օգտագործել քաղաքական ամբիցիաների համար»,- ասաց նա և նշեց, որ սադրանքներ կազմակերպելը հղի է լուրջ վտանգներով:
Հարցին, թե ովքեր են այդ սադրանքներ կազմակերպողները, նա նշեց, որ գիտի, սակայն չի ուզում ասել: «Համապատասխան մարմններն էլ գիտեն, թե ովքեր են իրենք, սակայն նրանք արժանի չեն, որ ես նրանց անունները հրապարակեմ»,- ասաց նա:
Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ Գյումրիում այսօր ոչ մի լարված իրավիճակ չկա և գյումրեցիները, ինչպես բոլորը, շատ ծանր են տարել երեխայի մահվան լուրը։ Նա զսպվածության կոչ արեց և նշեց, որ պետք է ռուսական կողմն էլ հետևի կարգ ու կանոնին:










