Հրանտին սպանողները ցանկանում էին թունավորել խաղաղությունը. Գերմանիայում բնակվող թուրք գործիչ
Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը հայտարարել է, որ 8 տարի առաջ սպանված պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի պակասն այս օրերին ավելի առանձնահատուկ է զգացվում, տեղեկացնում է Zaman-ը:
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում Ջեմ Օզդեմիրը նշել է, որ Դինքը Թուրքիայի և Հայաստանի միջև կամուրջ դառնալու ուժ ունեցող անձնավորություն էր:
«Նրան սպանողները ցանկանում էին քանդել Թուրքիայի և Հայաստանի միջև կառուցվող կամուրջները, ցանկանում էին թունավորել խաղաղությունը: Աստծո կամոք՝ դա նրանց չի հաջողվելու»,- ասել է նա:
Գործիչը նշել է, որ Հրանտ Դինքի մահը ցույց տվեց, թե Թուրքիայում և շատ այլ երկրներում լրագրողները որքան թանկ գին են վճարում:
«Այն, որ 8 տարի անց մենք դեռ մտածում ենք Հրանտի մասին, հիշում ենք նրան, խոսում՝ իրականում նրան սպանողներին ուղղված մեսիջ է»,-ասել է Օզդեմիրը:










