Ղրիմում անեքսիայից հետո ավելացել է թմրամոլների մահացության և ՁԻԱՀ-ով վարակվելու ցուցանիշը. ՄԱԿ
Ղրիմի անեքսիայից հետո թերակղզու տարածքում ավելացել է թմրամոլների շրջանում մահացության ցուցանիշը։ Այս տվյալները տրամադրել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ հանձնակատար Միշել Կազաչկինը, փոխանցում է Deutsche Welle-ն:
Նրա տվյալներով` Ղրիմում ապրող 805 հերոինային թմրամոլներից 80-100-ը մահացել է: Կազաչկինի խոսքով` այդ իրավիճակը բնորոշ է նաև Ուկրաինայի արևելյան շրջաններին, քանի որ ուկրաինական կառավարությունը դադարել է դեղորայք մատակարարել այն տարածքներ, որոնք գտնվում են անջատողականների հսկողության ներքո:
Բուժման բացակայությունը ոչ միայն սպառնալիքի տակ է դնում թմրամոլների կյանքը, ովքեր ստիպված են լինում դիմել ծանր թմրադեղերի, այլև նպաստում են աշխարհում ամենաարագ տարածվող ՄԻԱՎ-վարակի համաճարակին:
«Արևելյան Եվրոպան այն շրջանն է, որտեղ առկա է ամենաարագ տարածվող ՄԻԱՎ-վարակը, որը շատ հարցերում կախված է այն մարդկանցից, ովքեր թմրադեղեր են օգտագործում»,- նշել է ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարը:










