Հայոց ցեղասպանության ճանաչման մեջ ավանդ ունեցած օտարերկրացիները ևս կարող են պարգևատրվել «Մխիթար Գոշ» մեդալով
Արտակ Զաքարյան, Զարուհի Փոստանջյան, Կորյուն Նահապետյան, Թևան Պողոսյան, Շիրակ Թորոսյան, Ալեքսանդր Արզումանյան հեղինակային խումբը շրջանառության մեջ է դրել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների» մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով առաջարկվում է «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրել այն օտարերկրացիներն, որոնք իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել ՀՀ պետական պարգևների, մասնավորապես՝ Երախտագիտության մեդալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում նշանակալի և ծանրակշիռ ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին պարգևատրելու հարցը, քանի որ գործող օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Երախտագիտության մեդալով պարգևատրվում են պետական, հասարակական գործիչները, տնտեսության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառների գործիչները, մինչդեռ կան նաև օտարերկրյա քաղաքացիներ, ովքեր իրենց նշանակալի ավանդն են ներդրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման, խախտված իրավունքների վերականգնման, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարի գործում, սակայն մինչ այժմ պարգևի համապատասխան տեսակով` երախտագիտության մեդալով չեն պարգևատրվել:
Հեղինակային խումբը թվարկել է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ինչ օտարերկրյա քաղաքական գործիչներ կարող էին պարգևատրվել . ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, Սենատի անդամ Մարկ Քըրքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Հովարդ Բերմանը և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ. Ռոյսը, պետական-քաղաքական գործիչ Ջիմ Կարիջիաննիսը (ԿԱՆԱԴԱ), Ջորջ Ռադանովիչը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Եվրոպական Խորհրդարանի նախկին պատգամավոր Անրի Սաբը և հասարակական, պետական-քաղաքական այլ գործիչներ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով, այնինչ՝ ներկայումս արդեն իսկ հնարավոր կլինի նման գործիչներին պարգևատրել Երախտագիտության մեդալով:










