Նյու Յորքում 1 ժամում վաճառվել են Charlie Hebdo թերթի բոլոր օրինակները
Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի վերջին համարի բոլոր 300 օրինակները Նյու Յորքում վաճառվել են ընդամենը մեկ ժամվա ընթացքում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Քաղաք բերված թերթերը հավասարաչափ բաժանվել են Մանհեթենի այն բոլոր խանութներին, որոնք վաճառում են ֆրանսիական հրատարակություններ: Դա եղել է առաջին համարը, որը լույս է տեսել Փարիզում այդ թերթի խմբագրության վրա իրականացված հարձակումից հետո: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայից ԱՄՆ է բերվել այդ համարի 600 օրինակ:
Հիշեցնենք, որ զինված հարձակումը խմբագրության վրա տեղի էր ունեցել հունվարի 7-ին: Մահացել էր 12 մարդ, խմբագրության 10 աշխատակից և 2 ոստիկան, ևս 11 մարդ ստացել էր վնասվածքներ: Իսլամիստները հարձակում էին գործել այն բանից հետո, երբ թերթում հայտնվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:










