Հիվանդների թվաքանակի աճն ավելի շատ պայմանավորված է դիմելիության, ոչ թե հիվանդացության ավելացմամբ. սրտաբան

22:56 • 21.01.15

Եթե նախկինում հիվանդները շատ դեպքերում նույնիսկ չէին ցանկանում տեղափոխվել հիվանդանոց, ապա  հիմա պետության կողմից իրականացվող սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրի արդյունքում դիմելիությունը  շատացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սրտաբան Միքայել Ադամյանը:

 

 « Հիվանդների թվաքանակի աճն ավելի շատ պայմանավորված է դիմելիության, ոչ թե հիվանդացության ավելացմամբ »,-ասաց նա: Չնայած դրան` բժիշկը նշեց, որ սիրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են, ինչը պայմանավորված է սթրեսային ապրելակերպով,  և այդ միտումն ամբողջ աշխարհում է նկատվում:

 

Միքայել Ադամյանը հայտնեց, որ այս քսան օրվա ընթացքում հանրապետությունում մոտավորապես 50 հիվանդ է ստենտավորվել, և եթե այդ ծրագիրը չլիներ, կարող էինք համարել, որ այդքան հիվանդ չպետք է ստենտավորվեր` փող չունենալու պատճառով: Նա նշեց, որ այդ ծրագիրն ամողջ աշխարհում է իրականացվում:

 

«Բոլոր ծախսերը, որոնք կապված են հիվանդության հետ, պետությունը հոգում է, քաղաքացին  մի դրամ հավելյալ վճարում չի կատարում»,-ասաց նա և հավելեց, որ այս վիրահատությունը կյանք փրկող միջամտություն է համարվում: