Գյումրիի դեպքի առթիվ քրեական գործի քննության համար համատեղ շտաբ ունենալը նորմալ որոշում է. Վահան Թումասյան

22:11 • 21.01.15

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու որոշմանը, ասաց, թե այժմ այն իրավիճակն է, որ ցանկացած համատեղ գործողություն՝ այդ պրոցեսը բացահայտելու և պատիժը սահմանելու, նորմալ է:


«Հասկանալի է, որ մի կողմով չէր լինի և՛ աշխարհաքաղաքական, և՛ իրավիճակի բարդության առումով, հետևաբար՝ համատեղ շտաբ ունենալը նորմալ որոշում է, և վերջին օրերի ավելի հրապարակային անդրադարձներն ավելի կարևորն են: Բնականաբար՝  կորուստն էլ ետ չես բերի, բայց հիմա ամեն ինչ պետք է արվի, որ նման դեպքերը չկրկնվեն, և հարաբերությունների վերականգնման ու դատական գործընթացի հանդեպ մարդկանց վստահության վերականգնման ցանկացած քայլ պետք է իրականացվի»,-ասաց Վահան Թումասյանը:

 

«Շիրակ» կենտրոնի ղեկավարն ասաց նաև հետևյալը. «Չգիտեմ, թե հայկական կողմն ինչքան ազատություն կունենա՝ աշխատելու, բայց եթե խոստացված հրապարակայնությունը լինի, և հայկական կողմն ամբողջ գործընթացում լինի լիարժեք մասնակից, կարելի է ասել, որ նորմալ է»:


Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը և ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին: