Հետախուզվող վրաց նախկին նախարարն Ուկրաինայի կառավարությունում խորհրդական է աշխատում
Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, ում հետախուզում է Ինտերպոլը, մասնակցում է Ուկրաինայի հակակոռուպցիոն օրինագծի ստեղծման աշխատանքներին, հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարարի տեղակալ Գիա Գեցաձեն, հայտնում է «Վզգլյադը»։
«Որքանով ինձ հայտնի է՝ Ադեիշվիլին որպես փորձագետ կցված է խմբին, որն աշխատում է հակակոռուպցիոն օրենսդրության վրա: Ինչ վերաբերում է նրա պաշտոնական նշանակմանը, ապա ես նման տեղեկություն չունեմ: Նա Ուկրաինայի կառավարության խորհրդականն է, և ոչ միայն Ուկրաինայի, այլև առնվազն երկու եվրոպական երկրի»,- հայտարարել է նա՝ «Ռուսթավի- 2» հեռուստաընկերության ուղիղ եթերին միանալով Կիևից:
Ուղիղ կապի ընթացքում գեներալ Գիգի Կալանդաձեն «վիրավորանք» է որակել այն, որ Ուկրաինայում վրացի մարտիկներին մարտական գործողությունների մասնակցելու համար բարձր աշխատավարձ են վճարում:
Նրա խոսքով՝ վրացի զինծառայողներն օգնություն են ստանում միայն իրենց ընկերներից ու ընտանիքներից:
«Վրաստանի քաղաքացիների թիվը մշտապես փոփոխվում է, բայց ընդհանուր հաշվով կռվում է մինչև 100 վրացի զինվորական»,- հայտարարել է նա:










