Կուբան և ԱՄՆ-ն հարաբերությունների կարգավորման մասին բանակցություններ են սկսել

12:38 • 22.01.15

Կուբան և ԱՄՆ-ն անցկացրել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների առաջին փուլը: Հավանայում բանակցությունների առաջին օրը նվիրված է եղել էմիգրացիայի խնդրին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Կուբայի ներկայացուցիչները կոչ են արել ԱՄՆ-ի իշխանություններին չեղյալ հայտարարել Ամերիկա ժամանող կուբացիների համար արտոնությունները: Ինչպես նշում են Հավանայում՝ ներկայիս օրենքները թույլ են տալիս ցանկացած կուբացու, ով մտնում է ԱՄՆ տարածք, առանց դժվարությունների կամ անգամ «մեխանիկորեն» ստանալ կացության իրավունք:

 

Բանակցությունների ամերիկացի մասնակիցները հայտարարել են, որ դեռ չեն քննարկում կուբացի ներգաղթյալների համար օրենքների փոփոխության հարցը:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն անցած տարվա դեկտեմբերի 17-ին հայտարարել էին 1961 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ համատեղ շարժվելու մտադրության մասին: