Այաթոլա Խամենեին նամակ է գրել ԱՄՆ-ի և ԵՄ-ի երիտասարդներին
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին բաց նամակ է գրել Եվրոպայի և ԱՄՆ-ի երիտասարդներին, որտեղ հայտարարում է, որ Արևմուտքը փորձում է ատելություն տարածել իսլամի և մահմեդականների նկատմամբ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այաթոլան կոչ է արել երիտասարդությանը չդառնալ «ապատեղեկատվության արշավների» զոհ և իսլամի մասին գիտելիքներ ստանալ սկզբնաղբյուրներից, առաջին հերթին՝ Ղուրանից:
Նամակ գրելու համար առիթ են դարձել Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, նշել է Խամենեին: Հիշեցնենք, որ հունվարի 7-ին «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթում իսլամիստ եղբայրներն ահաբեկչություն էին իրականացրել, որի հետևանքով զոհվել է 12 մարդ։ Այդ դեպքին հաջորդել են ևս մի քանիսը։
Անգլերենով գրված ուղերձը հրապարակվել է Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքում:










