Իսրայելում ձերբակալել են Մադոննայի համակարգիչը կոտրած և նրա նոր ալբոմը գողացած հաքերին

11:32 • 22.01.15

Իսրայելական ոստիկանության՝ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը երեկ ձերբակալել է Թել Ավիվի 39-ամյա բնակչի, ով կասկածվում է մի շարք հայտնի մարդկանց, այդ թվում՝ երգչուհի Մադոննայի համակարգիչները կոտրելու համար։

 

Հաքերը Մադոննայի համակարգչից գողացել է նրա նոր երգերը և վաճառել համացանցում, գրում է newsru.com-ը։

 

Հաղորդվում է, որ ոստիկանությանը դեռևս հայտնի չէ, թե կա արդյոք կապ այդ համակարգիչները կոտրելու և նախորդ ամիս տեղի ունեցած միջադեպի միջև, երբ համացանցում ազատ հասանելի էր Մադոննայի նոր ալբոմը։

 

Կասկածյալին ձերբակալելն իսրայելական ոստիկանության Lahav 433 ստորաբաժանման և ամերիկյան ՀԴԲ-ի համատեղ մեկամսյա աշխատանքի արդյունքն է։