Ճամայկայի կառավարությունը հավանության է արժանացրել մարիխուանայի մասնակի օրինականացման նախագիծը
Ճամայկայի կառավարությունը հավանության է արժանացրել դեղամիջոցների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, համաձայն որի թույլ է տրվում փոքր ծավալով մարիխուանա պահել և օգտագործել այն կրոնական, գիտական և բժշկական նպատակներով, գրում է ria.ru-ն:
Երկրի արդարադատության նախարարը հայտարարել է, որ օրինագիծը կներկայացվի Սենատին շաբաթվա վերջին, իսկ ընթացիկ տարվա վերջին երկրի խորհրդարանում արդեն կարող են սկսվել այդ նախաձեռնության շուրջ բանավեճեր:
Նախարարի խոսքով՝ օրենքի նախագիծը նախատեսում է բժշկական, գիտական և թերապևտիկ նպատակներով մարիխուանայի վաճառքի և տարածման համար արտոնագիր տրամադրող մարմինների ստեղծում:
«Մենք պետք է կարգավորենք մեզ, որպեսզի օգուտ ստանանք զգալի տնտեսական հնարավորություններից, որոնք առաջանում են այդ ստեղծվող արդյունաբերության շնորհիվ»,- նշել է նա:
Օրենքի նախագծի համաձայն՝ թույլ կտրվի ցանկացած տարածքում հինգ կամ պակաս թփերի աճեցումը, իսկ 57 գրամից քիչ մարիխուանա պահելը կհամարվի չնչին իրավախախտում և կպատժվի տուգանքով, այլ ոչ ձերբակալությամբ:










