Գերմանիան ձգտում է ԼՂ խնդրի կարգավորման հարցում միջնորդ դառնալ. Մերկել
Գերմանիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման օգտին և ձգտում է սեփական ներդրումն ունենալ այդ գործընթացում։ Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Գերմանիան ձգտում է հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը կարող են այս ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալ, որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում: Դրա համար Ադրբեջանը բանակցում է Եվրահանձնաժողովի հետ»,-ասել է նա՝ Ադրբեջանի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
Կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններին, որոնք անցկացվում են համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ:
«Կարծում ենք, որ այդ հակամարտությունը միայն մեկ ճանապարհ ունի՝ խաղաղ: Հրադադարի հաճախակի խախտումները բացասական փաստ են: Կարծում եմ՝ դրանում որոշակի դերակատարություն ունի Ռուսաստանը: Ես պարզապես կցանկանայի ընդգծել դա»,- ասել է Մերկելը:










