Նազարբաևը խնդրել է Օբամային օգնել Ուկրաինային
Ղազախստանի նախագահը խնդրել է իր ամերիկացի գործընկեր Բարաք Օբամային միանալ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար փոխզիջման որոնմանը, գրում է korrespondent.net-ը:
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը, խոսվել է հունվարի 21-ին նախագահների հեռախոսազրույցի ժամանակ:
Ղազախստանի նախագահը, մասնավորապես, տեղեկացրել է զրուցակցին, որ ինքն անձամբ է զբաղվում տվյալ խնդրով, որը ղազախական կողմի կարծիքով՝ կարելի է լուծել բանակցային ճանապարհով՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների մակարդակով:
«Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ազդում են նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա: Իր կողմից ԱՄՆ նախագահը վստահեցրել է Նուրսուլթան Նազարբաևին, որ կողմ է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական լուծմանը՝ նշելով, որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է Մինսկի պայմանավորվածությունների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:










