Դա չի քննարկվում, դա կարգավորված հարց է. ՀՀ գլխավոր դատախազը՝ սահմանապահների կողմից Պերմյակովին հանձնելու մասին
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մի քանի հարց ուղղեց:
Առաջին հարցը վերաբերում էր նրան, թե սահմանի խախտման փորձի մասին և սահմանի խախտման փորձ կատարած անձի ձերբակալման մասին ՌԴ սահմանապահ զորքերը, ըստ համապատասխան պայմանագրի, պարտավո՞ր էին տեղյակ պահել ՀՀ իրավապահ մարմիններին:
«Եթե պարտավոր էին, հայտնե՞լ են, թե ոչ, կոնկրետ Պերմյակովի հետ կապված», -ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա՝ բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։
«Դա չի քննարկվում, դա կարգավորված հարց է: Բազան պարտավոր էր հայտնել»,-ասաց նա և հավելեց, թե հայտնել են, թե չէ՝ այդ ամբողջ ինֆորմացիան քրեական գործում է։
«Վստահ եղեք, այդ հարցերի պատասխանները կունենանք»,-ասաց նա:
Հաջորդ հարցը վերաբերում էր նրան, թե ռուսական սահմանապահ զորքերը պարտավո՞ր են սահմանը խախտած մարդկանց հանձնել ՀՀ իրավապահներին:
«Ռուսաստանի քաղաքացի չէ, օրինակ Հնդկաստանի է, բռնեցին, տանում են այդ ռազմաբազա՞, թե՞ չեն տանում»,-ասաց նա:
Կոստանյանը նշեց, որ ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին։
«Այո՛, պարտավոր էին հանձնել ՀՀ իրավապահներին»,-ասաց նա։










