Պորոշենկոն և Դավութօղլուն քննարկել են Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը

09:12 • 22.01.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ, տեղեկացնում է korrespondent.net-ը:

 

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Դավութօղլուն աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարևոր է ոչ միայն ձեր, այլև ողջ աշխարհի համար»,-ասել է Դավութօղլուն:

 

Թուրքիայի վարչապետը նշել է, որ Ուկրաինան և նրա կայունությունը կարևոր են Սևծովյան տարածաշրջանի համար: Ուկրաինայի նախագահն իր հերթին կոչ է արել համատեղ ջանքերով ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

 

Դավութօղլուն նաև ընդգծել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի անեքսիան:

 

Պյոտր Պորոշենկոն նշել է, թե անհանգստացած է Ղրիմի թաթարների իրավունքների հարցերով:

«Այսօր Ղրիմի թաթարները մեծ ճնշման տակ են և աջակցության կարիք ունեն»,- ասել է Պորոշենկոն:

 

Զրուցակիցները խոսել են երկկողմ հարաբերությունների ակտիվացման մասին, մասնավորապես՝ ռազմատեխնիկական և էներգետիկ ոլորտներում:

 

Խոսվել է նաև Ուկրաինային ֆինանսական աջակցության մասին՝ ԱՄՀ-ում համագործակցության շրջանակներում, ինչպես նաև ուկրաինական տնտեսության մեջ թուրքական ներդրումների մասին: