Սահմանն ապօրինի հատելու փորձի հետ կապված քրգործ չի հարուցվել, ես հաղորդում եմ տալիս ու խնդրում եմ ընթացք տալ. Զ. Փոստանջյան
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումներին անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ սահմանը ապօրինի հատելու փորձի հետ կապված քրեական գործ հարուցվել է:
ՀՀ գլխավոր դատախազը նշեց, թե սա ևս քննարկման առարկա է: «Եթե ընդունենք, որ սահմանապահը պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, այդ թվում՝ հայտնաբերելու դեպքում տեղյակ պահել ՀՀ ԱԱԾ-ին կամ իրավապահներին, չի արել, այս ամենն իհարկե քննարկման առարկա կդառնա երկու գործերով՝ թե՛ ՌԴ կողմից, թե՛ ՀՀ կողմից հարուցված քրեական գործերով»,- նշեց ՀՀ գլխավոր դատախազը:
Նույն հարցն ուղղեց նաև Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ռուս սահմանապահ մարմինների կողմից հայ-թուրքական սահմանում կա սահմանափակ գործողություններ կատարելու իրավունք: «Հայտարարվեց, որ ՀՀ իրավապահների կողմից միայն սպանության գործով է մեղադրանք առաջադրվել: Որպես ՀՀ գլխավոր դատախազ ինչո՞ւ եք սպասում քննարկումներին, մինչդեռ ակնհայտ է, որ ռուս սահմանապահներն են նրան վերցել արգելանքի տակ, ձերբակալել, երբ պարտավոր էին ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Մենք չգիտեինք՝ տվյալ անձը Պերմյակո՞վն է, թե՞ ոչ, որովհետև նա չի եղել զինվորական հագուստով, չի ունեցել փաստաթղթեր: Ռուսական կողմը հայտարարեց, որ իրենք վերցրել են արգելանքի տակ, տեղափոխել 102-րդ ռազմաբազա: Եթե ռուսական կողմը նրան վերցրել էր, ապա մեր ԱԱԾ-ն պետք է մասնակից լիներ դրան, որովհետև կարող է Պերմյակովը չէր, մեկ այլ անձ էր»,- ասաց նա:
Փոստանջյանը թվարկեց իրավախախտներին. նախ՝ ՌԴ ներկայացուցիչներն են, որոնք թույլ են տվել տվյալ անձի ապօրինի փոխանցում և որոնց նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ապա նաև ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն են, որոնք թույլ են տվել անգործություն, չեն փոխանցել հայկական կողմին: «Հետաքննչական գործողություններ չեն կատարել, այս առումով ևս պետք է հարուցվի քրեական գործ»,- նշեց նա և ապա հայտարարեց, որ եթե քրեական գործ չի հարուցվել, ապա ինքն այս պահին հաղորդում է տալիս հանցագործության մասին ու խնդրում ընթացք տալ:
«Դուք ունեք բոլոր հիմքերը պահանջելու ոչ թե հանձնում, այլ պարտավոր եք պահանջել ՌԴ կողմից տվյալ անձի փոխանցում, որովհետև դա ոչ մի կերպ կապ չունի ՌԴ հետ, և Դուք անգործություն չպետք է դրսևորեք, պարտավոր եք հարուցել քրեական գործ, պահանջ ներկայացնեք, որ նրան փոխանցեն»,- ասաց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանն ասաց, որ անհրաժեշտ իրավական հիմքեր են պետք, որպեսզի դիմի փոխանցման համար: «Մենք պետք է քննարկենք՝ Ա. արդյոք օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով է հայտնվել ռուս սահմանապահ զինվորականների իրավազորության տակ, Բ. արդյոք օրինակա՞ն, թե՞ ապօրինի ճանապարհով է հանձնվել 102-րդ ռազմաբազայի տրամադրության տակ: Այս բոլոր փաստերն ունենալու դեպքում կունենամ բավարար հիմք, որ իմ պահանջը ՌԴ գլխավոր դատախազին լինի հիմնավորված, ոչ թե զուտ պահանջ, զուտ դիմում: Այ, Ձեր ասած հանգամանքները պարզելու արդյունքում, երբ ձեռք կբերենք ապացույցներ, կդիմենք»,- ասաց նա:
Զարուհի Փոստանջյանը տեղից ճշտող հարց հնչեցրեց. նշանակում է, որ մեզ համար պարզ չէ՞: «Պարզ լինելը, ակնհայտ լինելը այլ է, փաստը՝ այլ»,- պատասխանեց Կոստանյանը:










