Ռումինիայում հոգեհանգստի կարգ է մատուցվել ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի
Ռումինիայի Հայոց թեմի Պիտեշտ քաղաքում այսօր տոնվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տոնը, ինչի առիթով մատուցվեց Սուրբ պատարագ: Սբ. պատարագը մատուցել է Ռումինիայի թեմի բարեխնամ առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը:
Ուխտի պատարագին իրենց մասնակցություն են բերել նաև Բուխարեստ և Կոստանցիա քաղաքների հայ հավատացյալները: Ներկա են եղել նաև Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայում Հայաստանի Հանրապետությա արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև Պիտեշտ քաղաքի փոխքաղաքապետ Կոռնել Կոստանտին Իոնիկը:
Օրը նշնակալից էր Պիտեշտի հայ համայնքի համար, քանզի Պիտեշտի հայ համայնքը նշում էր եկեղեցու հիմնադրման 162-ամյակը: Եկեղեցին երկար դադարից հետո այժմ գործում է բնականոն ընթացքով, ամեն կիրակի մատուցվում է Սբ. պատարագ, համախմբվել և հարատև ընթացքի մեջ է դրվել նաև համայնքային կյանքը: Պիտեշտի հայ համայնքը մասնակցում և իր աջակցությունն է բերում թեմի տարբեր միջոցառումներին: Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ջանքերով, Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հեթում քահանա Թարվերդյանի և ծխական խորհուրդի աշխատանքների շնորհիվ, եկեղեցին այս տարի իր վերանորոգման աշխատանքները կսկսի կատարել Ռումեն պետության նյութական ջանքերի շնորհիվ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ս. Պատարագի ավարտին Սրբազան Հայրը հոգեհանգստյան կարգ է կատարել Սերոժյա Ավետիսյանի, ինչպես նաև Ավետիսյան գերդաստանի անդամների հոգու հանգստության համար, ովքեր օրեր առաջ սպանվեցին Գյումրիում ռուս զինծառայողի կողմից:
Սրբազան Հայրն իր խոսքում նշեց, որ կատարվածը անբացատրելի և անհասկանալի է, գործվել է Տիրոջ նկատմամբ մեծագույն մեղք, և ցավը համազգային է, քանզի բոլորը ցավակից են, բոլորը կարեկից են: Եվ դժվարին պահին մնում է միայն, որ Աստված լուսավորի նրանց հոգիները և Սբ. Հո ու մխիթարանքը իջնի Ավետիսյան ընտանիքի հարազատների վրա:










