ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցանկացած ողջամիտ միջնորդություն մեր կողմից ողջունելի է. Շ. Թորոսյանը` Մերկելի առաջարկի մասին
ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ցանկացած ողջամիտ միջնորդություն մեր կողմից ողջունելի է, եթե միջնորդությունը ծառայելու է նպատակին և հասցնելու է վերջնական խաղաղության: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը, թե իր երկիրը ձգտում է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջնորդի դեր ստանձնել և գտնում է, որ Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական միությունը կարող են այս ուղղությամբ նախաձեռնությամբ հանդես գալ, որոշակի ներդրում ունենալ հակամարտության կարգավորման հարցում:
«Ի վերջո՝ ցանկացած միջնորդություն, ինչ ձև ու բովանդակություն էլ ունենա, չի կարող շեղվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հաստատված շրջանակից»,-վստահեցրեց պատգամավորը՝ ընդգծելով, որ տեղին չեն այն մտավախությունները, որ Մինսկի խմբում Ֆրանսիան կարող է փոխարինվել այլ երկրով, այս դեպքում՝ Գերմանիայով։
Հարցին` կարո՞ղ ենք հաշվի առնել, որ Գերմանիան ավելի շուտ՝ թուրքամետ է, և Ադրբեջանի շահերից է բխում, որ Գերմանիան ներքաշվի այս գործընթացի մեջ, Թորոսյանը պատասխանեց.
«Ընդհանուր առմամբ՝ այդպիսի միտում կա, ընդունված է համարել, որ Գերմանիան թուրքամետ է, քանի որ ավանդական կապեր ունի Թուրքիայի հետ և ունի մեծ թուրքական համայնք, բայց Գերմանիան միևնույն ժամանակ Եվրամիության առաջատար երկրներից է, և նրա վարած քաղաքականությունը պետք է համահունչ լինի համաշխարհային քաղաքականությանը»:
Մեր հարցին, թե ինչը կարող է զսպել Ադրբեջանին՝ սահմանին սադրանքերի չգնալու համար, շիրակ Թորոսյանը պատասխանեց. «Լարվածությունն առաջին հերթին՝ նրանից է գալիս, որ խաղաղության համապարփակ պայմանագիր գոյություն չունի, այսինքն՝ խաղաղություն չկա, եթե խաղաղություն չկա, ապա կարող են լինել հետևանքներ: Հետևանքներից մեկը հենց սահմանային այս լարվածությունն է. սրանով Ալիևն ու իր կլանը ուզում են որոշակի հարցեր լուծել, շատ հարցեր կարող ենք թվարկել, թե ինչ են ուզում լուծել նրանք: Իմ կարծիքով՝ ամենակարևորներից մեկն այն է, որ սա ներքին լսարանի համար է` քաղաքացու ուշադրությունը շեղելու, հայկական վտանգն առաջ մղելու, քանի որ Ադրբեջանն այսօր ունի մարդու իրավունքների սահմանափակման խնդիր, ուստի ահագնանում է այդ բողոքը և միջազգային մասշտաբներով է տարածվում: Եվրամիության երկրները ևս բարձրաձայնում են այդ խնդիրը, ուստի կարծում եմ, որ այդ ակտիվացումները պայմանավորված են նաև դրանով»:










