Կալիֆոռնիայի համալսարանը Թուրքիային $72 մլն-ի ներդրումներից զրկելու բանաձև է ընդունել՝ ընդդեմ Ցեղասպանության ժխտողականության

10:02 • 22.01.15

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը հունվարի 20-ի երեկոյան միաձայն վավերացրել է Թուրքիային Կալիֆոռնիայի համալսարանի բոլոր ներդրումներից (72.6 մլն դոլար) զրկելու մասին բանաձևը:

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ ընդունված բանաձևն Արևմտյան Ամերիկայում ՀԵԴ-ի (Հայ երիտասարդաց դաշնակցություն) նախաձեռնած «‪#‎DivestTurkey» արշավի մասն է, որի նպատակն է պատժել Թուրքիայի ուրացման քաղաքականությունը:

 

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի հայ ուսանողական միությունը դեկտեմբերին հանդիպում էր կազմակերպել՝ ուսանողներին ներկայացնելու այդ բանաձևի կարևորությունն ու մշակման աշխատանքները:

 

Բանաձևի նպատակն է ճնշել մինչ այժմ պատմական իրողությունն ուրացող Թուրքիայի իշխանություններին՝ ներդրումները կապելով Հայոց ցեղասպանության ճանաչման հետ։

 

Նշենք, որ համալսարանի ուսանողական խորհուրդը 2012-ին վավերացրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և նրա ուրացումը դատապարտող բանաձև, իսկ Հայ ուսանողական միությունը 2005-ին վավերացրել էր մի բանաձև՝ կոչ անելով համալսարանին համալսարանական խանութներում թուրքական արտադրանք չվաճառել: