ԱՄՆ-Մեքսիկա սահմանին 3 կգ մեթամֆետամին տեղափոխող անօդաչու է ընկել

15:33 • 22.01.15

Մեքսիկական Տիխուանայի իշխանություններն ԱՄՆ-ի հետ սահմանից մի քանի կմ հեռավորության վրա վթարված և ընկած անօդաչու սարք են հայտնաբերել, որը փորձել է երկիր հասցնել 3.1 կգ մեթամֆետամին թմրանյութ, գրում է rawstory.com-ը՝ U-T San Diego-ին հղումով:

 

Այն գտնվել է երեկոյան 21:50-ին՝ սահմանին մոտ գտնվող սուպերմարկետի ավտոկայանատեղիում: Spread Wings 900 մոդելի անօդաչու սարքն առցանց խանութներից կարելի է ձեռք բերել 1.400 դոլարով:

 

Նշվում է, որ հանցագործները չեն հաշվարկել, որ սարքը չի կարող ավելի քան 3 կգ կշռով բեռ տեղափոխել մեծ հեռավորության վրա, այդ պատճառով այն վթարվել է և ընկել:

 

Չնայած թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող հանցախմբերի նորագույն տեխնոլոգիաների օգտագործման փորձերին՝ ոստիկանությունն անհանգստություն չի հայտնում:

Անօդաչուները նախևառաջ թանկարժեք են, կարճ հեռավորությունների համար են նախատեսված և ավելի քիչ արդյունավետություն ունեն, այդ պատճառով վաղ թե ուշ թմրանյութի դիլերները կհրաժարվեն անօդաչուներից:

Tijuana police recover a drone carrying nearly seven pounds of meth [Tijuana Police Dept. official Facebook page]