Դիմել ենք ՄԻԵԴ՝ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու փաստի առթիվ. փաստաբան

13:00 • 22.01.15

Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ իրենք արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար և հույս ունեն, որ Եվրոպական դատարանը կարձագանքի:


Ինչ վերաբերում է դատավարության ընթացքին, ապա փաստաբանն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, որ մեղադրող կողմը օգտվել է նրանց,  որ դատավորը հրաժարվել է արդարադատություն իրականացնել»:


Փաստաբանը ներկայացրեց նախաքննական մարմնի կողմից իրականացրած խախտումները. ըստ նրա՝ անհրաժեշտ է անցկացնել փորձաքննություն, որի շնորհիվ հնարավոր է բացահայտել, որ Նիվա մակնիշի ավտոմեքենան հետընթաց է կատարել, ինչի արդյունքում եղել է այդ վթարը:


Փաստաբանը հայտնեց, որ իրենք դիմել են նաև Հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով չիրականացրած քայլերի համար: 


«Նախաքննական մարմինը ոչինչ չի կատարել պարզելու համար, թե հանցագործություն եղե՞լ է, թե ոչ»,-ասաց նա և նշեց, որ նախաքննության մարմինը միակողմանի քննություն է տանում:


Ինչ վերաբերում է դատախազի ներկայացրած պատժաչափի միջնորդությանը, ապա փաստաբանն ասաց, որ կարևորն այստեղ ճշմարտություն պարզելն է, քանի որ, ըստ էության, էական չէ պատժաչափը, քանի որ այս դեպքերում պատիժը կրում են ազատության մեջ, և գրեթե բոլորը վաղաժամկետ ազատ են արձակվում: Նա ասաց, որ դատախազի ճառի մեծ մասը նվիրված է եղել իր ելույթներին:


Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզեն նշեց, որ մեղադրողի ճառը կարծես թե մեկ տարի առաջ ասված ճառի կրկնողություն է:


«Տպավորություն են ստեղծել, թե դատաքննություն է տեղի ունենում, վկաներ են հանդես գալիս, որովհետև ի վերջո մարդուն արդարացնող որևէ փաստարկ, որոնք ներկայացվել են դատարանում, հետագայում հաշվի չեն առնվել»,-ասաց նա և նշեց, որ  մեղադրական ճառում որևէ տող չի տեսել, որտեղ հիմնավորվում է, թե ինչու է այդ պատժաչափն առաջարկում:


Նիկոլայ Բաղդասարյանը համաձայնեց Մարի Դոզենի հետ, որ Հայաստանում դատավարությունները  ձևական բնույթ են կրում: