Ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել Պերմյակովին. Ն. Զոհրաբյան
«Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախաբանին հնչած ելույթը չբավարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին:
«Ձեր զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների էր նմանվում, հոգևորականի կամ փսիխոթերապևտի զեկույցի էր նմանվում։ Մենք ակնկալում էինք, որ կոնկրետ գործի մասին զեկուցեք, եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկոսին»,-հայտարարեց նա:
Նշենք, որ գլխավոր դատախազը, ով նախաբանում ավելի շատ հորդորում էր զերծ մնալ զգացմունքայնությունից և միայն իրավական դաշտում հարցեր հնչեցնել, նաև նշեց, թե երկրում չկա մեկը, ով ցնցված չլինի այդ ողբերգության պատճառով:
«Կաթողիկոսին հրավիրելու իրավունք չունեք»,-տեղից նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց գլխավոր դատախազին օրեր առաջ Գյումրիում տված «տղամարդու խոսքը», որ կդիմի ՌԴ դատախազին և հիշեցրեց, թե արդյոք էմոցիայի՞ տակ արված հայտարարություն էր, թե՞ տղամարդու խոսք:
«Գլադիատորական հայտարարություն արվեց, որ երկու ժամ առաջ գիտեիք, որ փորձ է արվում հատել սահմանը։ Բա որ գիտեիք, որ ըստ ՀՀ օրենսդրության սահմանը հատողը ձերբակալվում է ՀՀ իրավապահների կողմից, ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան»,-հարցրեց Զոհրաբյանը:
Գլխավոր դատախազը նկատեց, որ ներածական խոսքում հանդես եկավ այն նպատակով, որպեսզի ձեռնպահ մնա զգացմունքային ոլորտում հարցը քննարկելուց, ոչ թե հակառակը: Նա նկատեց թե ինքը պարտավոր է չհրապարակել նախաքննության գաղտնիքը:
«Ես այստեղ չեմ պատրաստվում ներկայացնել քննչական պլանավորումը, որովհետև գործի քննության օբյեկտիվության ապահովման համար ես չեմ հրապարակելու նախաքննության գաղտնիք հանդիսացող որևէ հանգամանք»,-ասաց նա:
ՀՀ գլխավոր դատախազը կրկին հիշեցրեց, որ ՌԴ դատախազին կդիմի միայն այն դեպքում, երբ դիմելու հետ կապված ցանկացած հարց պատրաստ լինի: Անդրադառնալով իր՝ տղամարդու խոսք տալուն, Կոստանյանը նշեց. «Հասարակության մեջ և շատերի մոտ աղավաղվել է տղամարդկության վերաբերյալ պատկերացումները… Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որևէ գործընթաց… Դիմելու եմ, երբ անհրաժեշտ հիմքերը լինեն: Իմ գործողությունները պետք է ունենան համապատասխան հիմք»,-եզրափակեց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձավ նաև այն հարցին, որ այդպես էլ սուգ չհայտարարվեց նա նշեց, որ այն պաշտոնյաները, որոնք նկատեցին, որ սուգ հայտարարելու մշակույթ ու նախադեպ չունենք, «անպատասխանատու ու անգրագետ մարդիկ են, որոնք քաղաքական սպեկուլյացիաներով են զբաղվում»:










