Ադրբեջանը վճարում է իր երիտասարդների արյունով՝ գնալով նոր սադրանքների. Շավարշ Քոչարյան

18:29 • 23.01.15

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով News.am տեղեկատվական կայքի հարցին, ասել է, որ Ադրբեջանը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

 

Հարց. Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում։

 

Շավարշ Քոչարյան. Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։

 

Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։

 

Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։

 

Նմանատիպ սադրանքներով Բաքուն միայն նպաստում է միջազգային հանրության կողմից՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։