Արմեն Ալավերդյանն անձամբ է փորձարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար 10 ավտոբուսի հասանելիությունը
«Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արդեն 10 ավտոբուս հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող անձանց համար` շնորհիվ տեղադրվող հատուկ վերելակների:
«Առաջինը ես ինքս անձամբ փորձարկեցի, շատ հարմար համակարգ է»,-ասաց նա: Արմեն Ալավերդյանը նշեց, որ թեև 10 ավտոբուսը քիչ է, սակայն սկզբի համար ողջունելի է:
«Քաղաքապետարանը մեզ հետ խորհրդակցել է երթուղիների վերաբերյալ, և փորձել ենք այնպես անել, որ այն երթուղիները ներառվեն, որոնք հեռավոր տարածություններ են ընդգրկում, որպեսզի քաղաքի տարբեր շրջաններում, ոչ թե միայն կենտրոնում լինեն այդ ավտոբուսները»,-ասաց նա:
Արմեն Ալավերդյանը նշեց նաև, որ նախատեսված հարմարավետ բռնակներից կարող են օգտվել ո´չ միայն սայլակով հաշմանդամություն ունեցողները, այլև՝ մանկական սայլակով շրջողները, քանի որ այն հարմարավետ է բոլորի համար: Նա հայտնեց, որ այս տարի քաղաքապետարանը նախատեսել է ևս 10 ավտոբուս հարմարեցնել սայլակով հաշմանդամներին:










