Amnesty International-ը մտահոգված է Դոնեցկում գերի ընկած ուկրաինացի զինվորների երթով
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Դոնեցկի փողոցներով ռուսամետ անջատողականների կողմից գերեվարված ուկրաինացի զինվորներին քայլեցնելու փաստի առնչությամբ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Գերիները քայլել են դեպի օրերս տրոլեյբուսի վրա նետված արկի պատճառով մարդկանց մահվան վայր։
Իրավապաշտպանները հայտարարում են, որ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Հաղորդվում է, որ գերիներին ստիպել են ծնկի իջնել զայրացած տեղացի բնակիչների առջև, որոնք նրանց սկսել են վիրավորել: Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ առնվազն մեկ գերի ծեծի է ենթարկվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի զինված ուժերի 16 զինծառայող, ովքեր մասնակցել են Դոնեցկի օդանավակայանի համար մարտերին, վիրավորվել են և գերի ընկել:
Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում տրոլեյբուսի կանգառի մոտ ընկած արկի հետևանքով 8 մարդ է զոհվել:










