Ավտոբուսներում վերելակների տեղադրման գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրերի ընթացքում. քաղաքապետարան
Դեռևս 2014թ. քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում ձեռք բերել և վերելակներով կահավորել ուղևորափոխադրում իրականացնող 10 ավտոբուս:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ տարեվերջին պատվիրված հատուկ վերելակները ներկրվեցին Երևան, և այս օրերին դրանք տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսներում:
Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացը կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Իսկ մինչ այդ վերելակների տեխնիկական հնարավորություններն ու դրանց հարմարավետությունը փորձարկվում են նաև շահառուների մասնակցությամբ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից նշում են, որ համապատասխան կահավորմամբ ավտոբուսների երթուղիներում շահագործման հարցում նախընտրությունը կտրվի Երևանի բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձանց քաղաքի կենտրոն հասնելու հնարավորության սկզբունքին:










