Դատաքննությունն իմաստազրկեցիք, երբ մերժեցիք կրկնակի փորձաքննության իրականացումը. Վարդան Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ, ուղիղ)

15:49 • 23.01.15

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Դատարանում պաշտպանական ճառով հանդես են գալիս ամբաստանյալի պաշտպանները:


«Ես վստահ եմ, որ իմ ֆրանսիացի գործընկերը կասի, որ այս դատաքննությունն իմաստազրկված է: Այս դատաքննությունն իմաստազրկեցիք, երբ դուք մերժեցիք կրկնակի փորձաքննության իրականացումը,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը,-եթե նշանակեիք կրկնակի փորձաքննություն, ապա փորձագետները կասեին, որ վթարը եղել է բանուկ մասում: Եթե օբյեկտիվ փորձաքննություն նշանակվեր և փորձագետները եզրակացնեին, որ վթարը եղել է կողնակում, մենք չէինք առարկի, հավատացնում եմ, որ որևէ առարկություն չէր լինի»:


«Ես չեմ հավատում, որ դեպքի ժամանած փորձագետը ու քննիչը չեն նկատել մեքենաների անիվներին թողած հետքերը: Չեմ հավատում նաև այն մոտեցմանը, թե նախաքննական մարմինը չի կարողացել գտնել գործով երկրորդ ընթերակային»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:


Ամբաստանյալի մյուս պաշտպան Սամվել Ջաղինյանն իր խոսքում ասաց, թե 1 տարի 4 ամսվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, անձին կալանավորել են առանց հիմնավորման:


«Ակնհայտ էր, թե այս քրեական գործի վախճանն ուր է գնալու: Այն պատճառաբանությունները, որ կալանավորելիս նշվում էին, թե կփախչի և այլն, տեսաք՝ ինչ եղավ: Հիմա գոնե հնարավորություն տվեք նրան ազատության մեջ լինել և մեղադրանքն ընդունելիս գոնե լինել ազատության մեջ: Ես նաև միտում եմ տեսել դատավարության ընթացքում անհարկի հետաձգումների, ինչին կուլ է գնացել նաև պաշտպանական կողմը: Ինչո՞ւ էր ամեն անգամ դատական նիստը նշանակվում ժամը 14-ին: Արդարադատությունն իր գործողություններով պետք է լինի կանխատեսելի: Ինչպիսի դատական ակտ էլ կայացնեք, միևնույնն է՝ բոլորը դժգոհ են լինելու: Սա մեր հասարակության դժբախտությունն է. երբ քննությունը, դատավարությունը պատշաճ չի կատարվում, բոլորը դժգոհ են»,-իր պաշտպանական ճառում ասաց Սամվել Ջաղինյանը:


Ըստ նրա՝ ամեն կերպ խոչընդոտվեց, սահմանափակվեց, թույլ չտրվեց, որ ճշմարտությունն այս գործով ի հայտ գա, իսկ դեպքի վայրի զննությունն այս քրեական գործի մեխն է, որը ամեն կերպ կեղծիքներով առաջ տարվեց:


«Միակ ելքը՝ վերադառնալ հետ՝ դատաքննություն և ավտոտեխնիկական փորձաքննությանը, այլ բան չեմ ակնկալում»,-ասաց Ջաղինյանը։