Մոլորված քաղաքացիները գտնվել են. Չարենցավանից օդապարիկով մոտ 22 կմ թռչելով վայրէջք են կատարել Լեռնանիստում

12:39 • 23.01.15

Հունվարի 22-ին` ժամը 19։48-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքում 4 քաղաքացի մոլորվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ մոլորված քաղաքացիները ժամը 13։15-ի սահմաններում Չարենցավան քաղաքից օդապարիկով թռիչք են կատարել, այնուհետև վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա լանջին:


Ժամը 20։20-ին ՀՀ ԿԱ քաղավիացիայի ավագ կարգավարը հաղորդել է, որ ռադիոկապով տեղեկատվություն է ստացվել, որ մոլորված քաղաքացիները ժամը 13։15-ի սահմաններում «Սքայ Բոլ» ընկերությանը պատկանող օդապարիկով Չարենցավան քաղաքից թռիչք են կատարել, իսկ ժամը 20:05-ի սահմաններում ռադիոկապով հաղորդել են, որ հարկադիր վայրէջք են կատարել Լեռնանիստ գյուղի մոտակա սարալանջին (գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա):


Որոնողական խումբը (3 ձյունագնացով) օդապարիկի հարկադիր վայրէջքից մոտ 1 կմ հեռավորության վրա հայտնաբերել է Լեռնանիստի 2 բնակչի, ովքեր փորձել են օգնություն ցուցաբերել օդապարիկում գտնվող քաղաքացիներին, սակայն եղանակային և լանդշաֆտային բարդ պայմաններից ելնելով՝ չեն կարողացել. վերջիններիս անհրաժեշտ է եղել օգնություն:


Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ Մ. Գ.-ին (ծնվ. 1987 թ.), Լ. Հ.-ին (ծնվ. 1992 թ.), Ն. Բ.-ին (ծնվ. 1985թ.) և Ա. Բ.-ին (ծնվ. 1984 թ.):


Մ. Գ.-ին , Լ.  Հ.-ին և Լեռնանիստի 2 բնակչի իջեցրել են գյուղ:


Կապ է հաստատվել Ծաղկաձորի քաղաքապետի հետ, ով որոնողական աշխատանքները կազմակերպելու համար տրամադրել է 2 ձյունագնաց (Բուռան):


Որոնողափրկարարական խումբը մեկնել է դեպքի վայր:


Ժամը 09։35-ին տեղեկություն է ստացվել, որ հրշեջ-փրկարարները Լեռնանիստ գյուղի եկեղեցու մոտակայքից գյուղ են իջեցրել 1985 թ. ծնված Ն. Բ.-ին և 19845 թ. ծնված Ա. Բ.-ին: