Միհրան Պողոսյանը հերքեց լուրերը, թե ինքը կապ ունի էկզոտիկ մրգերի ներմուծման հետ

17:49 • 23.01.15

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք ԵՏՄ անդամակցությունից հետո էկզոտիկ մրգերի ներմուծումն ավելի նպաստավոր պայմաններում է հայտնվել:  «Ավելի ճիշտ կլինի ուսումնասիրեք, թե որ կազմակերպություններ են զբաղվում և տնօրեններին հարցնեք»,- ասաց նա և չշարունակեց արձագանքել այն դիտարկմանը, թե ում է պատկանում «Քեթրին» ընկերությունը:


Միհրան Պողոսյանը նշեց, որ ինքը, ինչպես ցանկացած պետական պաշտոնյա, բիզնես չունի, բիզնես չունեն նաև ընտանիքի անդամները՝ կինը  և դպրոցահասակ երեխաները: Ինչ վերաբերում է բարեկամներին, ապա՝ «եթե փնտրեք, բնականաբար, կգտնվեն երրորդ, չորրորդ կարգի բարեկամներ, որոնք զբաղվում են բիզնեսով»: 


Հարցին, թե ում է պատկանում «Ֆրեշ» սուպերմարկետների ցանցը և Կեչառիս հյուրանոցը, Միհրան Ծառուկյանը պատասխանեց, թե գույքն իրենն է, և տվել է վարձակալության այլ  կազմակերպության, իսկ Կեչառիսը կապ ունի իր  բարեկամների հետ, որի անունը նա չհնչեցրեց:


Լրագրողները հետաքրքրվեցին նաև մամուլում շրջանառվող տեղեկությունից, ըստ որի՝ ԴԱՀԿ պետը  գումարային վեճ է ունեցել «Սթար» խանութների ցանցի սեփականատեր Գևորգ Աֆանդյանի հետ, որին նա պարտքով 5 մլն 146 հազար 842 դոլար էր տվել և չէր կարողանում հետ վերցնել:


Հարցին, թե ինչ գումարի մասին է խոսքը և որտեղից պաշտոնյանին այդքան գումար, Միհրան Պողոսյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ մինչև պետական պաշտոնյա լինելն ինքը բիզնեսներ  է ունեցել: «Կային որոշակի շենք-շինություններ, որոնք տրված էր վարձակալության տարբեր տնտեսվարող սուբյեկտների: Պարզապես տվյալ դեպքում  եղել էր պայմանագիր, որի ժամանակ պետք  կատարեին պարտավորություններ։ Այդ պարտավորությունները չի կատարել որպես քաղաքացի դիմել է դատարան»:


Նա նշեց, որ համաձայնության են եկել, և հարցը որոշակի չափով լուծվել է: